Երեկ երեկոյան ՀՀԿ խմբակցության նիստ է արել ՀՀԿ նախագահը: Փաստը ինքնին բնավ զարմանալի չէ, ովքե՞ր, եթե ոչ իշխող կուսակցության անդամներն առաջինը պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում՝ ինչն է բարձրաձայնվում, ինչը՝ ոչ: ՀՀԿ խորհրդի նիստը և ՀՀԿ խմբակցության նիստը տարբեր ձևաչափեր են: Առավելևս, երբ խորհրդարանում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը՝ փոփոխություններով, որոնցով նոր խորհրդարան է ընտրվելու՝ առաջինը կառավարման համակարգ փոխելուց հետո: Բայց ընդհանրապես Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել ոչ ժողովրդի հետ խոսելու ցանկությամբ, ոչ կուսակիցներին հավելյալ տեղեկություններ տալու: Նրանք, ինչպես բոլոր շարքային հայերը, լրատվամիջոցներից են իմացել պետության վերաբերյալ նախագահի ընդունած որոշումների, պաշտոնանկությունների ու նշանակումների մասին:
Թեև լրագրողների հետ երկու բառ փոխանակելու պարտադրված են եղել ՀՀԿ մամլո խոսնակն ու պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ Հովհաննես Սահակյանը փակագծեր չեն բացել՝ վտանգավոր է կուսակցական կարգապահությունը խախտել ընդհանրապես, ուր մնաց արտակարգ իրավիճակում: Նրանք միայն ասել են, որ քննարկվել են կազմակերպական հարցեր՝ հետագա աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար: Հովհաննես Սահակյանը ՛՛լեզվի սայթաքում՛՛ է թույլ տվել՝ ասելով, որ տեխնիկական հարցեր են քննարկվել ու անմիջապես ճշտել է, որ «Մասնավոր ոչ մի հարց չի քննարկվել», իսկ կարևոր հարցերը հրապարակման ենթակա չեն։ Շատ ավելի փորձառու Էդուարդ Շարմազանովը ավելի կոնկրետ է եղել «Քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր»:
Նրանք փակագծերը չեն բացել, բայց առանց այդ էլ, պարզ է, որ հանդիպման պատճառը ԱԺ-ում ձախողված քվեարկությունն էր՝ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել Միկա Բաղդասարովի պարտքը պետությանը փոխանցելու օրինագիծը: Փաստ, որ պատիվ է բերում Ազգային ժողովին այս իրավիճակում, բայց ոչ ՀՀԿ-ին՝ ըստ նախագահի գնահատականի: Այլապես նա չէր հավաքի խմբակցությանը: Ասվածի ապացույց կարող է լինել օրինագիծը եթե ոչ այսօր, հաջորդ քառօրյայում վերստին քվեարկության դնելը՝ խմբակցության ձայների մոբիլիզացիայով ու ԱԺ-ում չբացահայտված ՀՀԿ-ականների կողմ քվեարկությամբ:
Բնականաբար՝ նախագահը չէր սահմանափակվի միայն քվեարկության ձախողման պատճառները պարզելով, նա ակնհայտորեն խոսել է նաև իրավիճակի ու ելքերի մասին, որոնց մեջ մեծ ընտրություն չկա: Ադրբեջանը կրակում է, չկրակելու ռեժիմ հաստատելը նախաձեռնած Ռուսաստանը գերադասում է չեզոքություն պահպանել՝ մինչև Հայաստանը ընդունի, որ շփման գծում պետք են ոչ թե վերահսկողության մեխանիզմներ, այլ՝ հենց ռուս խաղաղարարներ: Իվերջո՝ Կրեմլը կսկսի համոզել, որ հարցի լուծումը ԵՏՄ-ում է, երբ Ադրբեջանն անդամակցի կառույցին, այն ժամանակ ընդհանուր պետության պես մի մոդել կառաջարկվի, որտեղ սահմանները թափանցիկ են դառնում, իսկ Բաքվի կրակելու ցանկությունը զսպում է ՀԱՊԿ-ը: Սա փայլուն խայծ է, որ Հայաստանը ԵՏՄ-ից չհեռանա: Բայց կա՞ ԵՏՄ-ն իրականում, երբ Բելառուսն ու Ղազախստանը միայն հայտարարությունների մակարդակում են ԵՏՄ-ական, իսկ իրենց քաղաքական ու տնտեսական իրական քաղաքականությունը կառուցում են Արևմուտքի ու Չինաստանի հետ ինտեգրման ուղղությամբ: Որովհետև Ռուսաստանից այլևս ստանալիք չունեն:
Վարդան Օսկանյանի «Համախմբումը» ևս քննարկման հարց կարող է լինել, ով՝ ով, Սերժ Սարգսյանը լավ գիտի շախմատային պարտիաները միաժամանակ սևերով ու սպիտակներով խաղալ: Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը մտնում է խաղի մեջ և նրան իշխանությունից որոշակի հեռավորության վրա պահելը արդեն ձևակերպված խնդիր է դառնում:
Ինչու՞ ոչ՝ «Ով մեզ խանգարում էր, նա էլ կօգնի» հայտնի բանաձևը «Համախմբումի» հետ խաղարկելը Սերժ Սարգսյանի համար շատ բարդ գործ չէ: Ավելին՝ ներկուսակցական համախմբումի ու տետ ա տետի հնարավորություն է տալիս՝ ով է իր հետ և ով իր հետ չէ՝ հարցը այնքան էլ թեթև հարց չէ, երբ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2018-ին, իսկ պետության ապագա ղեկավար վարչապետի խնդրում այդպես էլ պարզություն չկա՝ Սերժ Սարգսյա՞նը մնում է, թե՞ Հովիկ Աբրահամյանն է մնում: Միմյանց հետ լարված հարաբերությունների մասին տեղեկությունները, որ շարունակ շրջանառվում են, իրականում անհեթեթ են: Եթե հարաբերությունները լարված են, վարչապետին պաշտոնանկելու մեկից տաս հիմնավորում նախագահը ցանկացած պահի ունի, բայց նա աշխատում է արդեն երրորդ տարին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հուլիոս Կեսարն իր դեմ հերթական դավադրության բացահայտումից հետո հակառակ հռոմեացիների՝ դավադիրներին մահապատժի ենթարկելու պահանջի, նրանց բարձր պաշտոններ էր տալիս ու պահում էր իր անմիջական վերահսկողության տակ՝ ամեն օր հաշվետու լինողի կարգավիճակում: Ինչու՞ հարցին կամ չէր պատասխանում, կամ ասում էր՝ ազատ Հռոմի քաղաքացին չի կարող պատժվել իր համոզմունքների համար, առավելևս, որ վստահ էր՝ եթե սպանի հերթական դավադիրներին, ի հայտ են գալու նորերը՝ ավելի մեծ թվով, որոնց նաև կմիավորի սպանվածների համար վրեժ լուծելու ցանկությունը: Իհարկե, դա նրան չփրկեց Սենատում սպանվելուց՝ դավադիրների ձեռքով: Բայց դա Հռոմում էր՝ մեր թվարկությունից առաջ: Իսկ մեր օրերում, Երևանում, խորհրդարանում երեկ վարչապետն ասաց, որ նայում են դեպի ապագա, մոռանալով անցյալը եւ փորձելով դասեր քաղել անցյալից: Սա նրա աֆորիստիկ մտածողության պիկն էր, որ դեռ պետք է բացատրվի: